«Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանիի մայրը` Բերտա Գոմեսը հայտնել է, որ ֆուտբոլիստը հնարավորություն ունի շարունակելու կարիերան «Ռեալ»-ում կամ «Մանչեսթեր Սիթի»-ում:
«Էդիսոնը բանակցություններ է վարում երկու ակումբների հետ` «Ռեալ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի: 2-3 շաբաթ անց մենք ստույգ տեղեկություններ կունենանք նրա ապագա ճակատագրի վերաբերյալ:
Կարող եմ վստահեցնել, որ Էդիսոնը սիրում է «Նեապոլ»-ը և երբեք չի մոռանա ակումբի երկրպագուներին անգամ այն դեպքում, եթե հեռանա նեապոլիտանյան ակումբից»,- հայտնել է Բերտա Գոմեսը:
Իսկ Էդինսոն Կավանիի հայրը՝ Լուիս Կավանին, հաստատել է, որ իրենք բանակցություններ են վարում «Ռեալի» հետ, որի կազմում խաղալը իր որդու գլխավոր ցանկությունն է:
Նա նաև նշել է, որ դրա մասին որդին հրապարակայնորեն չի արտահայտվում, քանի որ այն դեպքում, եթե ակումբները համաձայնության չգան տրանսֆերի արժեքի հարցում, խաղացողը կհայտնվի վատ դրության մեջ:
«Մենք հանդիպել ենք «Ռեալի» ներկայացուցիչների հետ: Էդինսոնը ցանկանում է հանդես գալ «Արքայական ակումբի» կազմում: Հիմա միայն պետք է սպասել, որ ակումբները համաձայնության գան 63 մլն տրանսֆերային արժեքի շուրջ: Հուսով եմ, ամեն ինչ լավ կավարտվի:
Նա մեզ ասել է, որ ցանկանում է խաղալ Մադրիդում, բայց այդ մասին հրապարակայնորեն չի արտահայտվում, քանի որ կողմերի համաձայնության չգալու դեպքում ինքը կհայտնվի վատ դրության մեջ»,- ասել է Լուիս Կավանին Marca TV-ի Futboleros հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ:
Նույն հաղորդման հեռուստամեկնաբան Հենրի Մարքեսը նշել է, որ այս տրանսֆերի իրականացումը իրականում բավականին բարդ կլինի, քանի որ Ֆլորենտինոն մինչև վերջին պահը փորձելու է նվազեցնել տրանսֆերի արժեքը: Բացի այդ, ակումբը քննարկում է կանտերայի սաներին հնարավորություն տալու տարբերակը:
|