Ուրբաթ օրը Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ տարում երկրորդ անգամ կմասնակցի Արքայական գավաթի եզրափակչին: Պորտուգալացի հարձակվողը նախորդ եզրափակչում առանցքային դեր խաղաց՝ «Մեստալիայում» կայացած խաղի լրացուցիչ ժամանակում գրավելով «Բարսելոնայի» դարպասը: Այս տարվա եզրաափակիչը նույնպես յուրահատուկ կլինի իր համար, քանի որ հնարավորություն կա տիտղոս նվաճելու «Սանտիագու Բեռնաբեու» մարզադաշտում: Ռոնալդուն պատասխանել է Realmadrid TV-ի հարցերին:
- Թիմը դժվարին աշխատանքի շնորհիվ է հասել Արքայական գավաթի եզրափակիչ: Հիմա հաղթելու ժամանակն է...
- Շատ ենք ցանկանում նվաճել այս տիտղոսը: Գիտենք, որ իսկապես դժվար է լինելու, քնաի որ մրցակիցը նույն քաղաքից է: Հիանալի ներկայացում է լինելու: Հուսանք, որ Ռեալ Մադրիդը կկարողանա հաղթել:
- Սա քո առաջին մեկ խաղից բաղկացած եզրափակիչը կլինի «Սանտիագու Բեռնաբեու» մարզադաշտում և այն բաժանված կլինի երկու մասի՝ կեսը կլինեն «Ռեալի», մյուս կեսը՝ «Ատլետիկոյի» երկրպագուներ: Որքա՞ն կարևոր կլինի երկրպագուների աջակցությունը:
- Տարօրինակ եզրափակիչ կլինի, քանի որ խաղալու ենք մեր հարկի տակ, բայց երկրպագուների թիվը բաժանված կլինի 50/50-ի: Բայց դա չի խանգարի գավաթը նվաճելու մեր ամբիցիաներին: Գիտենք, որ մարզադաշտը բաժանված կլինի: Հուսանք՝ լավագույն թիմը կհաղթի: Եթե վստահ դաշտ դուրս գանք և խաղանք այնպես, ինչպես կարող ենք, կհաղթենք:
- Ձեր ավտոբուսը մարզադաշտ կժամանի Կոչա Էսպինա փողոցից, ինչպես, որ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ էր: Յուրահատուկ ձևո՞վ ընդունեցին Ձեզ երկրպագուներն այդ օրը:
- Դա ապշեցուցիչ էր: Նման ընդունելություն ես այստեղ տեղափոխվելուց հետո չէի տեսել: Իսկապես յուրահատուկ էր և ֆուտբոլիստներից ոչ-ոք երբեք չի մոռանա դա: Հուսով եմ, որ ուրբաթ օրը նույն կերպ կլինի և դա մեզ ուժ կտա խաղադաշտում: Շատ կցանկանանք, որ այդպես լինի:
- «Ռեալի» կազմում 200 գոլի հեղինակ եք դարձել, իսկ դրանցից ամենահիշարժաններից էր «Մեստալիայում» կայացած Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Բարսելոնային» խփած գոլը: Ի՞նչ տեղ եք հատկացնում «Ատլետիկոյի» դեմ խաղին:
- Ես դրան նույն կերպ եմ վերաբերվում, ինչպես մնացած բոլոր խաղերին՝ մեծ պատասխանատվությամբ: Հոգեբանորեն բոլոր խաղերին էլ նույն կերպ եմ վերաբերվում, բայց սա եզրափակիչ է: Յուրահատուկ հանդիպում է, բայց ամբիցիաները միշտ նույնն են. օգնել «Ռեալին» իմ իմացած լավագույն ձևով, փորձել լավ խաղալ, գոլեր խփել, փոխանցումներ կատարել... Ես չեմ անհանգստանում, քանի որ և՛ թիմակիցներս, և՛ ես լավ մարզավիճակում ենք: Պատրաստ ենք ուրբաթ օրը կայանալիք խաղին: Պետք է ուժեղ սկսենք հանդիպում՝ այնպես, ինչպես աշխարհի լավագույն ակումբը գիտի անել:
|