Մոուրինյոն կհեռանա՞ «Ռեալից», թե՞ կմնա ևս մեկ մրցաշրջան. սա, անշուշտ, վերջին շրջանում «Ռեալին» վերաբերող ամենաքննարկվող թեման է, բայց կա նաև մեկ ուրիշ թեմա, որը, ըստ երևույթին, պակաս կարևոր չէ... Խոսքը վերաբերում է Ռոնալդուի ապագային: Բրիտանական թերթերը հաճախ են հոդվածներ հրապարակում, թե Կրիշտիանուն հեռանալու է «Ռեալից», ավելին՝ գրում են, որ նա կարիերան շարունակելու է հարազատ «Մանչեսթեր Յունայթեդում»: Թե որքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, բարդ է միանշանակ ասել, բայց այն, որ սա հնարավոր տարբերակ է, անժխտելի է:
Հայտնի «Daily Star» հանդեսն իր կիրակնօրյա համարում հոդված է հրապարակել՝ վերնագրելով, որ Ռոնալդուն պատրաստ է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Աղբյուրը, նման նյութ գրելով, որպես փաստարկ բերում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի խոսքը, ըստ որի՝ Ռոնալդուն նրան հայտնել է, որ պատրաստ է կարիերան շարունակել «Յունայթեդում»: Թե որ ֆուտբոլիստի մասին է խոսքը, չի նշվում, սակայն ընդգծվում է, որ նա Ռոնալդուի մանչեսթերյան ընկերներից Է:
«Daily Star»-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 65 միլիոն ֆունտ հատկացնել Ռոնալդուի տրանսֆերի ձեռքբերմանը(77 միլիոն եվրո): Չնայած այն հանգամանքին, որ Ռոնալդուն դեռ երկու տարվա պայմանագիր ունի «Ռեալի» հետ՝ այս տեղափոխությունը հավանական են համարում: Եթե անգամ այն չկայանա այս ամռանը, կլինի պայմանագրի ժամկետի լրանալուց հետո, քանի որ Ռոնալդուին շատ են սիրում «Օլդ Թրաֆորդում», իսկ Ռոնալդուն նույնն է զգում «Օլդ Թրաֆորդի» նկատմամբ: Այդ սերն այնքան մեծ է, որ հավատում են, որ պորտուգալացին ամեն պարագայում մի օր վերադառնալու է Անգլիա:
|