Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Վալյադոլիդի» դեմ խաղից առաջ հանդիպեց լրագրողների հետ ու պատասխանեց նրանց հարցերին, որոնց մեջ, իհարկե, գերակշռում էին հարցերը պորտուգալացու ապագայի մասին:
«Այն պահից սկսած, երբ մենք հասկացանք, որ այլևս ի զորու չենք պայքարել Իսպանիայի չեմպիոնի կոչման համար, իսկ առաջին երեք տեղերը ուղիղ ուղեգիր էին տալիս դեպի Չեմպիոնների լիգա, մենք ասացինք, որ երրորդ տեղը նույնը չէ, ինչ երկրորդը:
Մենք պայքարել ենք երկրորդ տեղը պահպանելու համար: Մենք 10 միավոր հետ էինք «Ատլետիկոյից», իսկ հիմա 6 միավոր առաջ ենք ու չենք ցանկանում կորցնել այդ առավելությունը՝ ցանկանալով վաստակել այնքան միավոր, որքան հնարավոր է: Մենք ցանկանում ենք նաև շարունակել սեփական հարկի տակ այս մրցաշրջանում անպարտելի լինելու ավանդույթը:
Խաղում ենք մի թիմի դեմ, որ գտնվում է իր համար լավագույն դրությունում: Նրանք հանգիստ են, արդեն իսկ հասել են իրենց նպատակներին: Նրանք ճնշում չեն զգում իրենց վրա ու գալու են «Բեռնաբեու»՝ փորձելով հաղթանակ տանել այստեղ»,- նշեց Մոուրինյոն առաջիկա խաղի մասին:
Երբ հարց հղվեց նրա ապագայի մասին, Մոուրինյոն ասաց.«Ես դեռևս ոչինչ չեմ կարող հաստատել: Ես հիմա միայն կարող եմ հաստատ ասել, որ ունենք դեռևս 5 խաղ առաջնությունում ու գավաթի եզրափակիչը, ինչից հետո նոր ես, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ու Խոսե Անխել Սանչեսը կնստենք կլոր սեղանի շուրջ՝ բանակցելու: Ես դեռևս չեմ որոշել՝ մնում եմ, թե ոչ: Երբ որոշեմ էլ, առաջինը կիմանան կինս ու երեխաներս»:
Խոսելով Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին՝ Մոուրինյոն ասաց.«Ես միայն ցանկանում եմ, որ «Ռեալը» հաղթանակներ տանի: «Չելսին» հաղթեց առանց ինձ, ու ես շատ երջանիկ էի, որ նրանք հաղթեցին Չեմպիոնների լիգան: Երբ ես աշխատում եմ մի ակումբում, սկսում եմ սիրել այդ ակումբը: Կապ չունի, թե ովքեր են մարզիչն ու նախագահը: Երբ ես որոշեմ հեռանալ «Ռեալից», միևնույն է ակումբը իմ սրտում մի առանձին տեղ կունենա:
Ես շատ եմ ուզում, որ «Ռեալը» հաղթի 10-րդ գավաթը: Եթե դա լինի իմ ղեկավարությամբ, շատ լավ, իսկ եթե ոչ, ապա դա միևնույն է կլինի մեկ ուրիշի հետ: Ես սիրում եմ այս ակումբը, ու դա է իրողությունը: Նմանապես ես ուրախանում եմ, երբ «Չելսին» հաղթում է: Այդպիսին եմ ես: Երբ ես հեռանամ ակումբից, կուզենամ դա անել գեղեցիկ ձևով»:
Երբ հարց հղվեց, թե ինչ կփոխեր նա այն ամենում, ինչ արել է մինչև հիմա, Մոուրինյոն նշեց.«Սա շատ բարդ ու պատասխան չունեցող հարց է, որը որևէ արդյունք չի տալիս: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ ակումբի նախագահի, Խոսե Անխելի ու տնօրենների խորհրդի հետ:
Եթե փոխելու լինեի որևէ բան, ապա Դիեգո Լոպեսին ձեռք կբերեի իմ՝ ակումբը գլխավորելու առաջին տարվանից հետո: Ես այդ հարցը բարձրացրել էի այն ժամանակ, սակայն անհրաժեշտ հետաքրքրվածություն չցուցաբերեցի, որ դա տեղի ունենար: Դա ցավալի է»:
|