Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ակտիվորեն պլաններ է մշակում առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի համար: Եվ ակումբը արդեն իսկ կողմնորոշվել է այն հարցում, թե որ ֆուբոլիստները կլինեն անձեռնմխելի ու չեն լքի թիմը ոչ մի դեպքում:
Նրանք 11-ն են՝ Իկեր Կասիլյաս, Դիեգո Լոպես, Մարսելո, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Խաբի Ալոնսո, Սամի Խեդիրա, Լուկա Մոդրիչ, Մեսութ Օզիլ, Կրիշտիանու Ռոնալդու և Կարիմ Բենզեմա: Ակումբը հավատում է, որ այս խաղացողները կլինեն ապագայի «Ռեալի» հիմքը:
Մասնավորապես, ակումբում կարծում են, որ Ռամոսն ու Վարանը երկար տարիներ կկազմեն պաշտպանական դուետը ու կլինեն թիմի անփոխարինելի անդամները: Բացի այդ, Ռամոսը մի քանի տարի հետո, հավանաբար, կստանձնի առաջին ավագի պարտականությունները:
Հարկ է նշել, որ առանցքային խաղացող է համարվում նաև Մարսելոն, ով այս մրցաշրջանում միայն վնասվածքի պատճառով չկարողացավ օգնել թիմին: Ինչ վերաբերվում է մյուսներին, ապա Ռոնալդուի պայմանագրի երկարաձգումը միայն ժամանակի հարց է, իսկ Օզիլն ու Մոդրիչը համարվում են խաղի կառուցման հիմքը:
Կան որոշ խաղացողներ, ում ապագան դեռ անհայտ է, ու եթե լավ առաջարկներ լինեն, նրանք կհեռանան: Խոսքը գնում է Ռաուլ Ալբիոլի, Խոսե Կալյեխոնի, Մորատայի, Նաչոյի ու Ալվարո Արբելոայի մասին:
|