Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններով: Այս մասին գրում է իսպանական AS-ը:
«Արքայական ակումբի» մարզչական անձնակազմը ցանկանում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողին տեսնել իր թիմում: «Ռեալին» հատկապես տպավորել է Լևանդովսկիի մրցելույթները Չեմպիոնների լիգայի շրջանակում: Իսպանիայի մայրաքաղաքային թիմում անպայման ցանկանում են մինչև հաջորդ մրցաշրջանն ուժեղացնել հարձակման գիծը, քանի որ Գոնսալո Իգուաինի ու Կարիմ Բենզեմայի գործողությունները փայլուն չեն նշված դիրքում: «Արքայական ակումբն» արդեն բանակցություններ է վարում «Բորուսիայի» հետ՝ այս գործարքն իրականացնելու համար:
«Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն Ֆլորենտինո Պերեսի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Լևանդովսկիի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան», բայց նաև հստակ նշել է, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել: Այսինքն՝ դրանով «Ռեալին» գործելու հնարավորություն է ընձեռել:
Հատկանշական է, որ Լևանդովսկիի տրանսֆերի համար «Բավարիան» պատրաստ է 25 միլիոն եվրո հատկացնել, իսկ «Ռեալն» առաջարկում է 20 միլիոն եվրո: Առաջին հայացքից որոշում կայացնելը շատ հեշտ է, քանի որ բոլորն էլ կնախընտրեին 5 միլիոն ավելի, քան պակաս... Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ. «Բորուսիայի» ու «Բավարիայի» հարաբերությունները վերջին շրջանում բավական լարված են. սրա մասին վկայում է այն, որ թիմերը հրաժարվել են «Բորուսիա» - «Բավարիա» նախախաղյա ընթրիքից և բավարարվելու են միայն ձեռքսեղմումով: Այդ խաղը տեղի է ունենալու մայիսի 4-ին Գերմանիայի Բունդեսլիգայի շրջանակում: Չնայած այս հանգամանքին՝ Գերմանիայում շատ են խոսում, որ Լևանդովսկին հենց «Բավարիայում» հանդես կգա:
|