Մադրիդի «Ռեալի» լեգենդ բրազիլացի Ռոնալդոն մեկնաբանել է «Արքայական ակումբում» տիրող մթնոլորտը, որ կապված է Իկեր Կասիլյասի՝ պահեստայինների նստարանին հայտնվելուն: Աշխարհի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի կարծիքով՝ Կասիլյասն այնպիսի դարպասապահ է, որ կկարողանա վերագտնել տեղը նույնիսկ «Ռեալի» նման թիմի մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ «Ռեալի» դարպասապահն ահագին ժամանակ է՝ բացակայում է ակումբի մեկնարկային կազմից, ինչի պատճառն այն է, որ ձեռքի վնասվածք ստացավ: Բայց և այնպես Իկերն արդեն ի զորու է մասնակցել հանդիպումներին, իսկ Մոուրինյոն վստահում է Դիեգո Լոպեսին, ով իր հերթին բավական բարձր մակարդակով է հանդես գալիս «Ռեալի» մեկնարկային կազմում:
«Ես կարծում եմ, որ Կասիլյասի բացակայությունը հանգամանքների բերումով է: Նա կվերագտնի տեղը թիմի մեկնարկային կազմում: Ամեն դեպքում Դիեգո Լոպեսը բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում. նա արժանապատվորեն է հանդես գալիս «Ռեալում»,- ասել է Ռոնալդոն:
|