Ավարտվեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլը: Հանդիպումները՝ թե´ առաջին, թե´ պատասխան, բավական հետաքրքիր ընթացք ստացան՝ առաջին հայացքից անակնկալներ չմատուցելով:
Մադրիդի «Ռեալը» մրցեց թուրքական «Գալաթասարայի» հետ, որի նկատմամբ «Արքայական ակումբը» երկու խաղերի արդյունքում առավելության հասավ 5:3 հաշվով:
Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցն էր իսպանական «Մալագան»: Գերմանական թիմին հաջողվեց ֆանտաստիկ խաղի արդյունքում կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճել: Պայքարն ավարտվեց 3:2 հաշվով:
«Բարսելոնան» չկարողացավ առավելության հասնել «Պարի Սեն Ժերմենի» հանդեպ, բայց կարողացավ դուրս գալ հաջորդ փուլ: Մրցակցի դաշտում խփած գնդակի հաշվին «Բարսան» կիսաեզրափակիչում է: Ընդհանուր պայքարն ավարտվեց 3:3 հաշվով:
Մյունխենի «Բավարիան» ամենավստահն էր այս փուլում: Ակումբը երկու խաղում էլ կարողացավ 2:0 հաշվով առավելության հասնել Թուրինի «Յուվենթուսի» նկատմամբ:
Հատկանշական է, որ հաջորդ փուլի խաղերը որոշվելու են վիճակահանությամբ: Այն տեղի է ունենալու ապրիլի 12-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի շտաբում:
Կիսաեզրափակիչ առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 23-ին ու 24-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 30-ին ու մայիսի 1-ին: Եզրափակիչը կանցկացվի մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
|