Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի մասին, որի շրջանակներում իր թիմի մրցակիցն է «Գալաթասարայը»: Ռամոսը հայտարարել է, որ ՉԼ գավաթակիր դառնալն իր կարևորագույն երազանքներից մեկն Է:
«Մենք պիտի հարգենք «Գալաթասարային»: Այն, որ նրանք են լինելու մեր մրցակիցը, չպետք է համարենք հաջողություն: Երբեք չի կարելի թերագնահատել հակառակորդին: Ամեն պարագայում պետք է հաշվի առնել, որ «Գալաթասարայը» վաստակել է քառորդ եզրափակիչ դուրս գալու իրավունքը: Դիդյե Դրոգբան ու Ուեսլի Սնեյդերը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են: Վտանգը միայն նրանցից չէ, որ պետք է սպասել, քանի որ թիմն աշխատում է կոլեկտիվի պես: Առաջին խաղում պետք է անառիկ պահենք մեր դարպասը՝ համոզված լինելով, որ հաջորդ խաղում ավելի բարդ է լինելու:
Ցավոք սրտի, Չեմպիոնների լիգան այն մրցանակն է, որ ինձ դեռևս չի հաջողվել նվաճել: Պետք է խոստովանեմ, որ երազում եմ ՉԼ հաղթողի դափնեկիր դառնալու մասին: Այս երազանքն ամենակարևորներից է իմ կարիերայում: Հուսով եմ, որ մի օր կկարողանամ հայտարարել, որ նվաճել եմ նաև Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը»,- իսպանական մամուլը փոխանցում է Ռամոսի խոսքերը:
|