Սերխիո Ռամոսը, ով «Բարսելոնայի» դեմ խաղում դարձել էր հաղթական գոլի հեղինակը, խոսել է ԶԼՄ-ների հետ՝ արտահայտելով իր ուրախությունը. «Կլասիկոները միշտ տարբեր են և մենք հպարտանում ենք մեր կատարած աշխատանքով: Մենք դեռ ոչինչ չենք նվաճել, սակայն այս երեք միավորը շատ կարևոր էր մեզ համար»: Վերջին րոպեներին սեփական տուգանայինում տեղի ունեցած իրավիճակի մասին Ռամոսն ասել է. «Ես չգիտեմ կար հպում, թե ոչ և ես չեմ կարող խառնվել մրցավարի գործողություններին: Ինձ թվում է, որ հանդիպման արդյունքը արդարացի է»:
Առաջնությունում տիրող իրավիճակի մասին պաշտպանը ասել է. «Մենք կրճատեցինք միավորների տարբերությունը՝ 16-ից դարձնելով 13 և կշարունակենք պայքարը»: Ռամոսը խոսել է նաև Չեմպիոնների լիգայում կայանալիք հաջորդ հանդիպման մասին. «Այս հաղթանակները դրական ազդեցություն ունեն թիմի վրա, որովհետև հաջորդ հանդիպումը ոչ սովորական է լինելու: Այս երկու «Կլասիկոներից» հետո մենք հավատում ենք, որ կարող ենք հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»: Մեր մրցակիցը շատ ուժեղ է, և մենք հարգում ենք նրանց»:
Հաղթական գնդակը խփելուց հետո Ռամոսը համբուրել էր ավագի թևկապը և նա այդ ժեստը բացատրել է հետևյալ կերպ. «Դա ուրախության, հաճույքի և թիմային աշխատանքի արտահայտումն էր և ես շատ ուրախ եմ այդ գոլի համար»:
|